Արևմտահայերի ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սերայտարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ մեր պահանջները անհատական և հավաքական գույքերի մասին արդեն պատրաստ են, սակայն դեռ չեն ցանկանում ներկայացնել և հրապարակել: «Պատրաստ ենք նաև մեր պահանջը ներկայացնել Թուրքիայում, որպեսզի այն հայերը, ովքեր կցանկանան վերադառնալ և վերստանալ իրենց ունեցվածքները, գույքերը, ապահովության պայմանների մեջ կարողանան դա անել»,-ասել է նա: Սուրեն Սերայտարյանը կարևորել է միասնական պահանջատիրական ծրագիրը՝ սփյուռքի, Արցախի և Հայաստանի միջև, նշելով, որ աշխատանքի բաժանում պետք է տեղի ունենա: Հայաստանի Հանրապետությունը ազատ, անկախ երկիր է, իսկ հայկական համայնքը սփյուռքում իր դերն ունի: «Մենք, որպես հասարակական կազմակերպություն, կարող ենք այնպիսի աշխատանքներ տանել, որ Հայաստանը՝ որպես երկիր, չի կարող կատարել, դրա համար մենք համաձայնություն ունենք, որ աշխատանքի բաժանում լինի: Կան աշխատանքներ, որ միասին կանենք, սակայն կան աշխատանքներ, որ Հայաստանը` որպես պետություն պետք է անի, իսկ մենք` որպես հասարակական կազմակերպություն, և մեր պահանջները պետք է ներկայացնենք առանց Հայաստանի պետությունը վտանգելու»,- ասել է Սերայտարյանը: Նա մանրամասնել է, որ հայ և թուրք իրավաբանների հետ հանդիպումներ են եղել և այժմ 15 թուրք իրավաբանների հետ են աշխատում: Կոնկրետ փաստաթղթեր են պատրաստվում, իրավաքաղաքական պահանջներ են ներկայացվում: Աշխատանքները շարունակվում են թուրքական հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ճանաչում են ցեղասպանությունը և փորձում են տարածել այդ միտքը: «Շատ դյուրին է Հայաստանում կամ Ֆրանսիայում Հրանտ Դինքի համար ցույց կազմակերպել, սակայն մենք դա կազմակերպել ենք Անկարայում, ինչը դժվար էր»,-ասել է Սուրեն Սերայտարյանը: Փաստաթղթերը առայժմ չեն հրապարակվում, որ Արևմտահայերի չորրորդ համագումարն ընդունի, 2015-ի ապրիլի 24-ին ընդառաջ կհրապարակվեն:
Պահանջները անհատական և հավաքական գույքերի մասին են: